National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.09.2022
Կառավարությունն ազդարարման համակարգը բարելավելուն ուղղված քայլեր է նախաձեռնել
1 / 7

«Ազդարարման համակարգի մասին» եւ մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ազդարարման համակարգի զարգացման եւ կատարելագործման, ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ: Այս մասին սեպտեմբերի 12-ի ԱԺ նիստում հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը՝ ներկայացնելով հիմնական կարգավորումները:

Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է ազդարարման հետ կապված հարաբերությունները տարածել նաեւ մասնավոր ոլորտի կազմակերպությունների եւ համայնքային կազմակերպությունների վրա, նախատեսել կոռուպցիոն բնույթի հանցագործություն չհանդիսացող իրավիճակներում ազդարարում տալու, այդ թվում՝ անանուն ազդարարելու հնարավորությունը՝ միաժամանակ սահմանելով ազդարարման նման դեպքերը քննող իրավասու մարմին: Առաջարկվող կարգավորումների մանրամասները՝ այստեղ:  
 
Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հարցուպատասխանի ձեւաչափում կարծիք է հայտնել, որ գործող օրենքին չհամապատասխանող իրավիճակ է ստեղծվել եւ հետաքրքրվել ոլորտի վիճակագրությամբ:

Ներկայացնելով վիճակագրական տվյալները՝ Երանուհի Թումանյանցը նշել է, որ 2019 թ. Գլխավոր դատախազություն ստացվել է 188 ազդարարում, որոնք վերաբերել են առերեւույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Դրանցից 153-ը եղել է անանուն: 2020 թ. ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 140 ազդարարում, որից 119-ը եղել է անանուն: 2021 թ. ստացված 75 ազդարարումից 68-ը վերաբերել են առերեւույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին, 70-ը եղել է անանուն: 2022 թ. տվյալները դեռեւս չեն ստացվել:

Հերիքնազ Տիգրանյանն էլ կարեւորել է այն հանգամանքը, որ ազդարարումը պետք է լինի ոչ միայն կոռուպցիոն հանցագործությունների, այլ նաեւ՝ շահերի բախման, անհամատեղելիության, նաեւ կոռուպցիոն ռիսկերի մասով: Ըստ պատգամավորի՝ օրենքի չգործելը պայմանավորված է ոչ միայն կարգավորումների թերացմամբ, այլ նաեւ՝ հանրային մտածելակերպով, քանի որ ազդարարումը մեր հասարակության մեջ չի ընկալվում աջակցություն իրավապահ համակարգին կամ անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ:

Երանուհի Թումանյանցը հստակեցրել է, որ Կառավարությունն ազդարարման համակարգի զարգացման ուղղությամբ միջոցներ է ձեռնարկել, այդ թվում ընդունել է հաղորդակցության ծրագիրը, որով հստակ ազդարարվելու է այս համակարգի մասին: Նա նշել է, որ օրենքի փոփոխությունները  քննարկվել են շահագրգիռ ուժերի, նաեւ՝ միջազգային գործընկերների հետ: Փոխնախարարի խոսքով՝ հանրությանն օրենքի մասին ազդարարումն ավելի ընդգրկուն կլինի՝ շեշտը դնելով անանունության վրա, որպեսզի մարդիկ իրենց պաշտպանված զգան: «Հարցումները ցույց են տալիս, որ հաճախ ազդարարողները զերծ են մնում ազդարարումից, քանի որ վախենում են վենդետայից ու հետեւանքներից»,- ասել է Երանուհի Թումանյանցը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով փոխնախարարին, նշել է, որ պետք է հետամուտ լինել քաղաքում տեղադրված ազդարարող պաստառները վերացնելու կամ դրանք նորով փոխարինելու հարցում: Երանուհի Թումանյանցը վստահեցրել է՝ միջոցներ են ձեռնարկվում, որ ազդարարումը չլինի միայն պաստառներով եւ թռուցիկներով:

«Առաջինից երկրորդ ընթերցում վիճահարույց հարցերը հանգամանալի քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- հարակից զեկույցում ասել  է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը:

Պատգամավոր Վիգեն Խաչատրյանի գնահատմամբ՝ ոլորտում հաջողության չենք հասնի, եթե մեր հասարակության առանձնահատկությունները հաշվի չառնենք: Նրա խոսքով՝ կարելի է միջազգային չափանիշներին համապատասխանող օրենք գրել, որը չաշխատի: Պատգամավորը համոզված է, որ անանունությանը վերաբերող դրույթը պետք է հանվի. դա ծնելու է կոռուպցիա, չարաշահում:

Վլադիմիր Վարդանյանը եւս կարծիք է հայտնել, որ պետք է հաշվի առնվեն այս ոլորտում մեր երկրի առանձնահատկությունները: «Մենք չափազանց կարեւորում ենք կոռուպցիայի դեմ պայքարը, կարեւոր է նման նախագիծը, բայց մենք պետք է ունենանք նախագիծ, որը պետք է գործի, ոչ թե վերածվի նախագծի, որն ուղղված է պարզապես ազդարարների պաշտպանությանը: Այն պետք է ուղղված լինի ազդարարների պաշտպանության միջոցով երկրում կոռուպցիան արմատախիլ անելուն»,- ասել է պատգամավորը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am